Pages

Wednesday, July 24, 2013

1906 թ. հայ-թուրքական ընդհարումները Ջավախքի արեւելքում

Այս նյութը պատմում է Անդրկովկասում 1905-6 թթ. հայ-թուրքական ընդհարումների ընթացքում Ջավախքի արեւելքում՝ Ծալկայի շրջանում ստեղծված իրավիճակի մասին: Ծալկայի շրջանը հարում է թուրքաբնակ Բորչալուին, եւ քանի որ վերջինիս համեմատ ավելի բարձր լեռնային դիրք ունի, Բորչալուի թուրքերի ոչխարաբուծության համար հարմար է որպես ամառային «յայլաղ»: Այն տարիներին, ինչպես եւ խորհրդային շրջանում եւ նաեւ մեր օրերում, Բորչալուի թուրք հովիվները իրենց հոտերը քշում են դեպի Ջավախքի ամենաբարձրադիր լեռները: Ընդ որում՝ նախքան 1828 թ.Կարնո գաղթը նրանք օգտագործում էին Ջավախքի ողջ տարածքը, բայց հայ հոծ զանգվածի հաստատումից հետո ստիպված են սահմանափակվել միայն մի քանի լեռներով:
 
Ավելի քան 200 տարիների ընթացքում կատարվող տնտեսական պարբերական միգրացիան բերել է այն բանին, որ Ծալկայի շրջանի արեւելքում Բորչալուի վերաբնակիչների կողմից հաստատվել են թուրքական չորս գյուղեր: Ավելին, հետխորհրադային շրջանում Ծալկայի հույների մասսայական արտագաղթի պատճատով լքված հունական գյուղերում եւս այսօր ընթանում է թուրքական վերաբնակեցում, եւ վրացական պաշտոնական տվյալներով թուրքերը (ադրբեջանցիները) մեծամասնություն են կազմում Ծալկալի շրջանի արդեն 7 գյուղերում:

Վերջին 200 տարիների ընթացքում «ոչխարները յայլաղ բերելու» այս երեւույթը մի քանի անգամ զուգորդվել է հայ-թուրքական եւ վրաց-թուրքական ընդհարումներով, քանի որ թուրք հովիվները հաճախ զինված են (մեր օրերում նույնպես), եւ պատմական խառը ժամանակահատվածներում նրանք առիթը չեն կորցրել «յայլաղ գալը» համադրելու մոտակա հայ, հույն կամ վրացական գյուղերի ունեցվածքը հափշտակելու հետ:

Այս նյութը պատմում է 1906թ. իրադարձությունների մասին: Ընդ որում նույն իրավիճակը ավելի մեծ մասշտաբով կրկնվեց 1918-20 թթ. (հատկապես 1918 թ. օսմանյան բանակի կողմից Ջավախքի օկուպացիայի ընթացքւմ), քանի որ այդ տարիներին տեղի թուրքերնիրենց ավելի անսանձ էին զգում, քան երբեւե:

1992-94 թթ. Ղարաբաղյան պատերազմի տարիներին էլ Բորչոլվում բազմիցս փակել են ինչպես ՀՀ ճանապարհը, այնպես էլ Ջավախքից դեպի Թիֆլիս ուղին: Ավելի քան 20 անգամ պայթեցվել են ՀՀ մտնող գազամուղերն ու երկաթուղին:

Մեր օրերում հենց այս շրջաններով (Ծալկա-Ախալքալաք-Ախալցխա) է ընթանում Թուրքիայից Ադրբեջան «դարի նախագծերի կառուցումը»: Սրան ավելացնելով «թուրք-մեսխեթցիների վերադարձի» պլանները պարզ է դառնում, թէ աշխարհաքաղաքական ինչ կարեւորություն ունեն այս հարցերը: Ուստի 1906 թ. դեպքերի այս հեռավոր արձագանքը ունի նաեւ մերօրյա հնչողություն…

Նյութը արխիվային մամուլում հայտնաբերվել է Վահե Սարգսյանի կողմից, որին շատ շնորհակալ ենք կարեւոր տեղեկությունը բացահայտելու համար: Աղբյուրի ուղղագրությունը պահպանված է:



Դրութիւնը Ծալկայի շրջանում
Յունուարի 24

Ծալկան, որ բնակեցրած է հայ, թուրք, յոյն գյուղացիութեամբ, մօտիկ ապագայում կարող է կռւի դաշտ դառնալ, եթէ լուրջ միջոցներ ձեռք չառնեն:

Դեռ նոյեմբերի 29-ին , Դաշմաշ (1) հայկական գյուղը ենթարկուեց շրջակայ թուրքաբնակ գյուղերի հարձակմանը, բայց թուրքերի համար աննպաստ պայմանների շնորհիւ, այդ տմարդի յարձակումը յաջողութիւն չունեցաւ. Նրանք տւին 1 սպանւած եւ 2 վիրաւոր: Հայ գիւղի վնասը նիւթական էր. Թուրքերը, իրենց սովորութեան համաձայն, քշեցին մօտիկում գտնվող տաւարը:

Սակայն այդ յարձակումը խզեց երկու դրացիների մէջ բարեկամական յարաբերութիւնը:

Ծալկայի մինչ այդ քնի մեջ մրափող հայ գիւղացին, թուրքերի այդ յարձակումը ազդանշան ընդունելով, սթափւեց եւ սկսեց միջոցներ ձեռք առնել ապագայի համար, եւ շատ իրաւացի…

Ծալկան, որ մի տափարակ դաշտ է, շատ անբարեյաջող պայմաններ է տալիս հայ գիւղերին: Հայ գիւղերի թիւը 13 է: Այնտեղ, որտեղ հայ գիւղը փոքր ի շատ է աջող դիրք ունի, նա մենակ է եւ շրջապատված յոյներով, որ այժմս շատ անգամ կասկածելի դեր են խաղում (2): Մնացածները ցրւած են, գլխաւորապէս մեկ տափարակի վրա, եւ թշնամու համար ախորժելի պատառ են ներկայացնում:

Թուրք գյուղերը, որ ընկնում են Ծալկայի հարաւ-արեւմտյան կողմը (3), թվով շատ չեն, եւ հայ գիւղացին շուտով կարող է մաքրել դրանց հետ իր հաշիւը, բա՞յց… ահա այստեղ է հարցականը:

Ամառը, ինչպէս յայտնի է, թուրքերը ամբողջ Բորչալուից, նոյն իսկ Կարաեազից, Աքտագլայից ամարանոց են գալիս Ախալքալակի եւ Ծալկայի մէջ գտնւող սարը: Վաղուց է ինչ հայ գիւղացին ենթարկուած է եղել այդ բաշիբոզուկների գործողութիւններին, որոնք այնքան հալալ աշխատանքի չեն գալիս, որքան թալանի:

Սա փաստ է:

Նախընթաց տարիներին էլ շատ անգամ այդ մասին բողոքել է հայ գյուղացին, դեռ աւելի ասենք հայից աւելի խիստ յոյն գիւղացին: Հայ ու յոյն աշխատաւոր գիւղացիք շատ անգամ ստիպուած են եղել դուրս չը թողնել իրենց տաւարը, իսկ թէ սա ո՞րքան ծանր է գիւղացու համար, այդ մասին թող խօսէ ինքը գիւղացին, «մեր ապրանքը կը ջարդւի, մեր օջախը կը քանդւի»-լալիս է նա:

Այժմս, երբ շարունակւում է հայ-թուրքական արիւնոտ դրաման, երբ տգէտ թուրք գիւղացին սովորեց իւր աւազակութիւնների համար անպատիժ մնալուն, ակներեւ է, որ նա աւելի եւս կրկնապատկէ վայրագութիւնները, իսկ տուժողը – հայ աշխատաւոր գիւղացին:

Ահա այս է, որ ողբում է Ծալկայի հայ գիւղացին, սրա վրայ է, որ լուրջ պէտք է մտածել, եթէ կամենում ենք խուսափել արիւնոտ դրամայի կրկնւելուց:

Արթուն
Յառաջ, no 11, յունուարի 28, 1906 թ.

Ծանոթագրություններ.
1) Գյուղի ստույգ անունն է Դաշբաշ:
2) Ինչպես այդ տարիներին, այնպես էլ հետագա մեկ դարի ընթացքում Ծալկայի հույները երբեւե չեն ներգրավվել թուրքամետ գործողությունների մեջ: Այդ հույների (ուռումների) մեծ մասը թրքախոս է:
3) Հյուսիս-արեւելյան կողմում:


http://javakhk.livejournal.com/tag/armenia